Լուրեր

ԴԵՍՊԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՅՑԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՄԱՆԳԻՍՏԱՈՒ ՄԱՐԶ

25.11.2017

Կից լուսանկարներ

ԴԵՍՊԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՅՑԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՄԱՆԳԻՍՏԱՈՒ ՄԱՐԶ

ԴԵՍՊԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՅՑԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՄԱՆԳԻՍՏԱՈՒ ՄԱՐԶ

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

        Նոյեմբերի 23-24-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանն աշխատանքային այցով գտնվում էր Մանգիստաուի մարզում, որտեղ հանդիպում ունեցավ մարզի ակիմ (նահանգապետ) Երալի Տուգժանովի հետ:

   Հանդիպմանը քննարկվեցին հայ-ղազախական առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման, փոխադարձ ներդրումների խրախուսման, ինչպես նաև հայ համայնքին առնչվող հարցեր:

        Այնուհետև, դեսպան Սահակյանը նոյեմբերի 24-ին մասնակցեց մարզկենտրոն Ակտաու (նախկին Շևչենկո) քաղաքի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Մանգիստաուի մարզի «Եղբայրություն» հայկական մշակութային միության և տեղական իշխանությունների նախաձեռնությամբ:

      Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, Ակտաուի փոխքաղաքապետ Մասկատ Իսկակովը և այլք:

     Դեսպան Սահակյանն իր ելույթում ընդգծեց Ռուբեն Գրիգորյանի անուրանալի վաստակը քաղաքի և նրա առաջին ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների կառուցման գործում, ինչպես նաև պատվոգրեր հանձնեց Ռուբեն Գրիգորյանի անվան հուշամրցաշարի (շախմատ, վոլեյբոլ, բազկամարտ, թեքվանդո) հաղթողներին:

      Այնուհետև, դեսպանն ու փոխքաղաքապետը բացեցին Ռուբեն Գրիգորյանին նվիրված հուշատախտակը, ապա ծաղկեպսակներ զետեղեցին քաղաքի կենտրոնում գտնվող նրա բրոնզաձույլ կիսանդրու առջև:

      Դրան հաջորդած մշակութային միջոցառման ընթացքում ազգային երգերի ու պարերի կատարմամբ հանդես եկան մշակույթի պալատի ինքնագործ խումբը և տեղի «Նուռ» հայկական համույթը:

  Ռուբեն Գրիգորյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին տեղի լրատվամիջոցներով։ Դեսպան Սահակյանը հանդես եկավ տեղի հեռուստատեսությամբ։

   Տեղեկանք․ Ռուբեն Գրիգորյանը (1917-1976 թթ․) եղել է Ակտաու քաղաքի հիմնադիրը, Մերձկասպյան լեռնամետալուրգիական կոմբինատի տնօրեն, սոցիալիստական աշխատանքի հերոս, լենինյան և պետական (կրկնակի) մրցանակների դափնեկիր, պետական գործիչ և արտադրության խոշոր կազմակերպիչ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր