Լուրեր

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ և ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

02.02.2018

ՀՀ սփյուռքի նախարարությունը նախաձեռնում է Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) համահայկական ընկերակցության ստեղծման գործընթացը:
ՏՀՏ ոլորտի համահայկական մասնագիտական ընկերակցության և ցանցի ստեղծումը նպատակ ունի առավել համախմբելու ՏՀՏ ոլորտում առկա մեծ ներուժը, որը կնպաստի համապատասխան մասնագետների գիտելիքների ներդրմանը ՏՀՏ ոլորտի զարգացման մեջ և կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պաշտպանության և կիբեռանվտանգության ամրապնդմանը:
Հայաստանի և Սփյուռքի համապատասխան մասնագետների հետ այդ ուղղությամբ արդեն կազմակերպվել են խորհրդատվություններ, համատեղ քննարկումներ, ի մի են բերվել արդյունքները, նախանշվել գործողությունների հետագա քայլերը և ներկայումս աշխատանքներ են տարվում նման ցանցի ստեղծման ուղղությամբ:
Հայաստանում ՏՀՏ ոլորտում գործում են ՏՀՏ գործատուների միությունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և մի շարք այլ կառույցներ, որոնց գործունեության ընդլայնումը Սփյուռքում և համախմբումը մեկ միասնական հարթակում իր ծիրում կներգրավի նաև Սփյուռքում գործող ընկերություններին, աշխատանքային խմբերին, ինչպես նաև սփյուռքահայ անհատներին:
Մասնագիտական ցանցերի գործունեության արդյունավետությունն ակնհայտ է: Այդ մասին են վկայում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված և հաջողությամբ գործող մասնագիտական այնպիսի ընկերակցություններ, ինչպիսիք են Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցությունը, իրավաբանների համահայկական խորհրդաժողով ՀԿ-ն, «Հայկական առևտրային ցանցը», Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը, բժիշկների ընկերակցությունները և այլն: Տարիների փորձը ցույց է տալիս, որ այս ընկերակցությունների գործունեությունը նպաստում է մասնագիտական միասնական հարթակի ձևավորմանը, փորձի փոխանակմանն ու նոր գաղափարների արծարծմանը:
Համաշխարհայնացման պայմաններում պետությունների առջև ծառացած նոր մարտահրավերներն ու զարգացումներն առավել հրատապ են դարձնում ռազմավարական և նորարարական նշանակություն ունեցող կառույցների համախմբումն ու միասնական գործունեության ծավալումը, որին էլ միտված է ՏՀՏ ոլորտի համահայկական մասնագիտական ընկերակցության ստեղծումը:
ՏՀՏ ոլորտի հարգելի հայրենակիցներ,
Եթե ցանկանում եք արձագանքել և միանալ մեր առաջարկին խնդրում ենք անհատապես կամ կազմակերպության անունից դիմել հետևյալ հասցեներով` info@mindiaspora.am, panarmeniaorg@gmail.com, ministry@mindiaspora.am:
ՀՀ սփյուռքի նախարարություն

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր