Լուրեր

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՋԱԼՈՒԻ ԴԵՊՔԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

22.02.2018

Փետրվարի 22-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել ադրբեջանական իշխանությունների կողմից 1992 թվականի Խոջալուի դեպքերին առնչվող փաստերի շարունակական խեղաթյուրումների վերաբերյալ հայտարարությամբ։
Հայտարարության մեջ ասվում է․ «Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը կանխակալ է և ամբողջովին հիմնված փաստերի աղավաղման ու պատմության կեղծման նրա ավանդույթների վրա: Խոջալուի շրջանում իրականացված ռազմական գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը պայմաններ է ստեղծել մարդասիրական միջանցքով քաղաքացիական անձանց անվտանգ տեղափոխման նպատակով, սակայն Ադրբեջանի զինվորականները իրենց բնակչությանը դարձրել են թիրախ և սպանել հարյուրավոր անմեղ մարդկանց, որոնք փրկվելու ելք ունեին: Այս փաստը «Նեզավիսիմայա գազետա»-ին 1993 թվականին տրված հարցազրույցում հաստաատել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը, ինչպես նաև այդ ողբերգական իրադարձությունների բազմաթիվ ականատեսներ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից իբր գործած ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործության որևէ գործողություն չի եղել: Ճիշտ հակառակը, Խոջալուի քաղաքացիական բնակչության անվտանգ տեղափոխման համար մարդասիրական միջանցք տրամադրելով՝ պաշտպանության բանակը լիովին գործել է միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պատերազմ պարտադրել է Ադրբեջանի հրեշավոր վարչախումբը, որը փորձում էր ոչնչացնել ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Ադրբեջանի տարածքում ապրող ողջ հայ բնակչությունը: Բաքվում, Գյանջայում, Սումգայիթում և Ադրբեջանի մյուս քաղաքներում ու շրջաններում 1988-1990 թվականների ընթացքում հարյուրավոր հայեր դաժանաբար սպանվել են, ավելի քան կես միլիոն մարդիկ հարկադրված են եղել լքել իրենց տները և ապաստան փնտրել Ադրբեջանի սահմաններից դուրս, իսկ նրանց պատկանող գույքը բռնագրավվել է:
1988 թվականից մինչև 1994-ը Ադրբեջանը աղաղակող կերպով խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու սկզբունքները՝ մշտապես հրետակոծել են Լեռնային Ղարաբաղի քաղաքների ու գյուղերի քաղաքացիական օբյեկտները, ներառյալ՝ դպրոցներն ու հիվանդանոցները: Սակայն Ադրբեջանում հաստատված վարչախմբի զազրելի էությունը մինչ օրս չի փոխվել: 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը սկսեց Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության դեմ ռազմական հարձակում: Միջազգային հանրությունը հերթական անգամ Ադրբեջանի զինված ուժերի բարբարոսական գործողությունների ականատեսը եղավ, որոնք կրկին թիրախավորեցին գյուղերը, այդ թվում՝ դպրոցներն ու քաղաքացիական օբյեկտները, կատարեցին հայ զինվորների և քաղաքացիական անձանց գլխատման ու անդամատման անմարդկային գործողություններ:
Այսօր Ադրբեջանը տենդորեն ճգնում է ատելություն բորբոքել հայ ժողովրդի նկատմամբ ինչպես իր երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Չդադարող հակահայկական հռետորաբանությունը, հատկապես նախագահական մակարդակում, այդ երկրում իշխող վարչախմբի ռասիստական և այլատյաց բնույթի ապացույցն է»:
Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ նաև ասվում է. «պատմական փաստերի կեղծումը նպատակաուղղված է ոչ միայն ընդամենը հարյուր տարի առաջ աշխարհի քարտեզի վրա հայտնված երկրի համար կեղծ պատմություն ստեղծելուն, այլև, որ ամենագլխավորն է, իր ապագա հակաիրավական գործողությունների և ագրեսիայի արդարացմանը» և հաստատուն համոզմունք հայտնվում, որ «միջազգային հանրության կողմից վճռական և աներկբա դատապարտման բացակայությունը Ադրբեջանը ընկալում է որպես հակահայկական հռետորաբանության և գործողությունների խրախուսում»:
Խոջալուի դեպքերի մասին մանրամասն տե՛ս
http://khojalygenocidetruth.wikia.com/wiki/The_Truth_About_the_Events_in_Khojaly

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր