Լուրեր

ՊԱՏԱՍԽԱՆ 1988 Թ․ ՓԵՏՐՎԱՐԻՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

28.02.2018

Փետրվարի 28-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պատասխան սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի վերաբերյալ ադրբեջանական հերթական կեղծարարության:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության 2018 թվականի փետրվարի 22-ին արված համատեղ հայտարարությունը՝ 1988 թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի վերաբերյալ, այսպես կոչված, հետաքննության արդյունքների մասին լի է խիստ աղավաղված փաստերով և կեղծիքներով: Սա Ադրբեջանի կառավարության հերթական փորձն է արդարացնել այն ժամանակվա ադրբեջանական ղեկավարության՝ խաղաղ հայ բնակչության դեմ ուղղված գործողությունները և հայատյացության ու այլատյացության քաղաքականությունը, որը վերջին 30 տարիների ընթացքում դարձել է ադրբեջանական վարչախմբի գործելակերպը:
Այս տարի Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի այլ վայրերում հայերը ոգեկոչում են 1988թ. փետրվարի վերջին երեք օրերի ընթացքում Սումգայիթում տեղի ունեցած բարբարոսությունների անմեղ զոհերին: Մինչդեռ, հարևան Ադրբեջանի քաղաքական ղեկավարները ջանք ու եռանդ չեն խնայում պատմությունը գլխիվայր շրջելու և զոհերին որպես կազմակերպիչ ներկայացնելու համար՝ թաքցնելով Սումգայիթի խաղաղ բնակիչների հետ տեղի ունեցած ողբերգության իրական հեղինակներին և կատարողներին:
Բազմաթիվ ապացույցներ` տպագիր և տեսանյութեր, առանց կասկածի ապացուցում են այն օրերի Ադրբեջանի ղեկավարության դերակատարությունը և ներգրավվածության աստիճանը` խորհրդային վարչախմբի լուռ թողտվությամբ, այդ հանցագործություններում, որոնք վաղուց պետք է դատապարտվեին որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:
Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերը եղել են ադրբեջանական իշխանությունների արձագանքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ պահանջներին` ազատ ինքնորոշվելու և ինքնուրույն իր ապագան որոշելու, ինչպես նաև անխոչընդոտ կերպով իր մարդկային իրավունքները կիրառելու մասին:
Սումգայիթում տեղի ունեցած կոտորածը առանձին դեպք չէր, դրան հաջորդել են հայերի նկատմամբ նմանատիպ վայրագություններ Խորհրդային Ադրբեջանի այլ քաղաքներում: Իրականում, այդ վայրագություններին նախորդել են տասնյակ տարիների ընթացքում ադրբեջանական ղեկավարության կողմից իրականացվող էթնիկ զտումները, որոնք հանգեցրել են Նախիջևանի հայ բնակչության, որը ժամանակին այդ տարածաշրջանում մեծամասնություն էր կազմում, աստիճանաբար կրճատմանը և հետագայում հայաթափմանը: Նույն ճակատագիրը նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար: Հայերին իրենց հողերից դուրս մղելու Ադրբեջանի քաղաքականությունը, հողեր, որոնք փոխանցվել էին Ադրբեջանին բոլշեվիկյան կուսակցական մի մարմնի կողմից, որն այդպիսի որոշումներ ընդունելու իրավասություն չուներ, արդեն մինչև 1988թ., ժամանակ առ ժամանակ վերածվում էր հակահայկական բռնությունների: 1988 թվականից սկսած հայերի նկատմամբ բռնությունը դարձավ ոչ թե բացառություն, այլ սովորական երևույթ:
Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է իր վրայից գցել մեղքը, փորձում է կոծկել տարածված հայատյացությունը` քողարկելով դա իբր արդարության և ճշմարտությունը բացահայտելու նպատակներով: Այսպես կոչված «հետաքննության» արդյունքները չեն դիմանում քննության: Եթե մեկն ուշադրություն դարձնի հայտարարությանը, ապա միայն ընդհանուր նկատառումներ ու եզրակացություններ կտեսնի. ոչ մի հստակ ապացույց չի հիշատակվում: Մի մարդու անուն օգտագործելը, որը, կարծես թե հայկական ծագում ունի և քրեական անցյալ է ունեցել, չի մեղմացնում հանցագործությունները կատարած մարդկանց, ինչպես նաև դրանց հեղինակների և կատարողների պատասխանատվությունը, որոնք թաքնված էին վարագույրից այն կողմ:
Պատասխանատվությունը տեղափոխելով Գրիգորյանի վրա` նրա եղբայրների և «այլ հայ ծայրահեղականների» հետ միասին, պնդելով, որ սումգայիթյան ջարդերը կազմակերպվել էին հայերի կողմից, ենթադրում է, որ հարյուրավոր ադրբեջանցիներ հեշտությամբ պատրաստ էին վազել քրեական անցյալ ունեցող հայի ետևից, կուրորեն հետևելով խաղաղ բնակչությանը սպանելու, խոշտանգելու, բռնաբարելու և վառելու նրա կոչերին, միևնույն ժամանակ հազարավոր մարդիկ, նույն պատրաստակամությամբ, ներգրավված էին այդ վայրագություններում որպես դիտորդ ... Եվ Սումգայիթի ադրբեջանցիներից միայն քչերը կարողացան կարեկից լինել և փորձել օգնել հայերին, որոնց հետ նրանք ապրել էին որպես հարևաններ, աշխատել և երկար տարիներ ընկերներ էին եղել: Որոշ վկայությունների համաձայն, նրանցից ոմանք նույնիսկ իրենց կյանքով են վճարել դրա համար, քանի որ սպանվել են կատաղած ադրբեջանցիների կողմից: Սումգայիթի հայ փախստականները միշտ իրենց երախտագիտությունն են հայտնում այդ մարդկանց, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ չեն հերոսացվում նրանք, ովքեր կարեկցանք են ցուցաբերել հայերի հանդեպ, օգնել նրանց:
Ավելին, Բաքվի վարկածի համաձայն, Գրիգորյանը անսահմանափակ ազդեցություն է ունեցել Սումգայիթի և Բաքվի իրավապահ մարմինների, բժշկական հաստատությունների վրա, որոնք հրաժարվել են շտապ օգնության մեքենաներ ուղարկել և օգնել մահացող հայերին (կան բազմաթիվ վկաներ), քաղաքային հեռախոսային ցանցի պատասխանատուների վրա, որպեսզի նրանք մի քանի օրով անջատեն հայերի հեռախոսակապը: Այս դեպքում Գրիգորյանը պետք է պատրաստեր նաև Սումգայիթի հայերի բնակարանների հասցեները բնակավայրերի վարչության հետ (ինչպես վկայում էին տասնյակ ականատեսներ), ինչպես նաև սումգայիթյան գործարաններում պատրաստեր սառը զենքեր, որոնց մասին տեղական թերթերը նույնպես գրել են: Պետք է նաև զգալի ազդեցություն ունենար Սումգայիթ քաղաքի և ընդհանրապես Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք անտեսեին դեպքերը, որոնք տեղի էին ունենում մայրաքաղաք Բաքվից 30 կմից պակաս հեռավորության վրա:
Ադրբեջանական իշխանությունները պնդում են, թե վայրագությունները կազմակերպվել են հայկական հատուկ ծառայությունների և ՊԱԿ-ի/ԿԳԲ-ի կողմից, բայց դա վիրավորանք է ադրբեջանական հատուկ ծառայությունների, Ադրբեջանի ՊԱԿ-ի նկատմամբ, որը տասնամյակներ շարունակ ղեկավարվել է Ադրբեջանի նախկին նախագահ և Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի կողմից: Ո՞րտեղ էին Ադրբեջանի իշխանությունները, ոստիկանությունը, ներքին զորքերը: Ինչո՞ւ չձեռնարկեցին որևէ գործողություն՝ դադարեցնելու կոտորածը: Ինչո՞ւ խորհրդային զինված ուժերին պահանջվեց երեք օր՝ Սումգայիթ հասնելու համար, երբ նրանք կարողացան հասնել Պրահա և Բուդապեշտ մեկ գիշերում: Ինչո՞ւ հակահայկական ջարդերը շարունակվեցին Ադրբեջանի այլ վայրերում՝ Բաքվում, Կիրովաբադում, իսկ հետո` հենց բուն Լեռնային Ղարաբաղում: Ինչո՞ւ «Ողջունե՛ք Սումգայիթի հերոսներին» կարգախոսները 1988թ. նոյեմբերին օգտագործվեցին Բաքվում կայացած հանրահավաքների ժամանակ:
Սրանք ամենատեղին հարցերն են, որոնք այսպես կոչված ադրբեջանցի հետաքննիչները պետք է ուսումնասիրեին, եթե նրանք իսկապես մտադիր էին քննել ջարդերը, մի բան, որը նրանք, ակնհայտ է, չեն արել: Մնացյալը ոչ այլ ինչ է, քան փորձ և ջանք՝ ապահովելու իրենց քաղաքական ղեկավարների քարոզչական անհեթեթությունների «փաստական» հիմքը, ինչպես նաև հակահայկական ատելության և այլատյացության տրամաբանական շարունակությունը:
Հակահայկական ատելության և այլատյացության այս զգացումները տարիներ ի վեր Բաքվի վարչախմբի կողմից օգտագործում են որպես ադրբեջանցի ժողովրդի հավաքական ինքնության ձևավորման գործիք: Բայց պատմությունը նորից ու նորից ապացուցում է՝ երբ պետության իշխանությունները ժողովրդի հավաքական ինքնությունը ձևավորում են այլ ժողովուրդների նկատմամբ ատելության և այլատյացության միջոցով, ապա նրանք վտանգում են իրենց հարևանների խաղաղությունը և անվտանգությունը, խափանում են զարգացումն ու առաջընթացը»:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր