Լուրեր

ԴԵՍՊԱՆ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

09.10.2018

Կից լուսանկարներ

ԴԵՍՊԱՆ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 9-ին ՀՀ դեսպան Արա Սահակյանը Ղազախստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ ՂՀ ԱԳ նախարար Կայրաթ Աբդրախմանովի հետ:
Ողջունելով հյուրին` Կայրաթ Աբդրախմանովը կարևորեց դեսպանի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնեց վերջինիս 5 տարվա անբասիր ու տքնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի և Ղազախստանի եղբայրական ժողովուրդների միջև հաստատված սերտ համագործակցության համար:
Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին հայ-ղազախական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը` վկայակոչելով նաև սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՂՀ Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև կայացած հանդիպումը:
ԱԳ նախարարը շեշտեց ՂՀ նախագահի շահագրգռվածությունը՝ Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու հարցում:
Դեսպանը ներկայացրեց Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի 105-րդ նիստի, Նախարարական 35-րդ համաժողովի և մեկնարկելիք 17-րդ գագաթաժողովի աշխատանքների ընթացքը` կարևորելով Կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, ՖՄԿ գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակությունների, այդ թվում` 40-ից ավելի պետության ղեկավարների մասնակցությունը:
Շնորհակալություն հայտնելով բարեկամական ու ջերմ ընդունելության համար` դեսպան Սահակյանն իր երախտագիտությունը հայտնեց Ղազախստանի իշխանություններին, մասնավորապես` ԱԳ նախարարությանը դեսպանությանը ցուցաբերված մշտական աջակցության, սերտ փոխգործակցության համար:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Գոռ Եդիգարյանը և ՂՀ ԱԳՆ աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ Ուալիխան Տուրեխանովը:
Հանդիպման ավարտին Կայրաթ Աբդրահմանովը ՀՀ դեսպանին հանձնեց ՂՀ ԱԳ նախարարի անունից շնորհակալագիր և հուշանվեր:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր