• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև բազմոլորտ համագործակցության հետագա զարգացմանը միտված մի շարք հարցեր

21 նոյեմբերի, 2025

2025 թվականի նոյեմբերի 21-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն:

«Ակորդա» նստավայրում նախ կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել են երկրների պատվիրակություններին, հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը:

Այնուհետև կայացել է ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի առանձնազրույցը: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջույնի խոսքում նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, բարի գալուստ Ղազախստան: Ձեր այցը շատ կարևոր է երկու երկրների, մեր դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերության համար: Հետևաբար՝ մեր հարաբերությունները նոր ազդակ են ստանում, և մենք վստահ ենք, որ դա նաև նոր իմպուլս կլինի մեր հետագա հարաբերությունների զարգացման համար։ Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Ղազախստան, հետևաբար՝ մենք դրան մեծ կարևորություն ենք տալիս։ Հուսով եմ, որ այն լավ կանցնի և վստահ եմ, որ ղազախ ժողովրդի համար, մեր պատմության համար, մեր ավանդույթների համար, մեր մշակույթի համար այս այցի կարևորությունը կլինի էական: Ձեր այցի ժամանակ կարևորագույն մի շարք համաձայնագրեր, փաստաթղթեր կստորագրվեն: Եվս մեկ անգամ ցանկանում եմ Ձեզ ողջունել Ղազախստանում»:

Իր հերթին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պարոն նախագահ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել պաշտոնական այցով Ղազախստան գալու և ջերմ ընդունելության համար: Իսկապես համաձայն եմ, որ այս այցը նոր լիցք կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ուզում եմ ընդգծել այդ գործում Ձեր անձնական ներդրումը և շնորհակալություն հայտնել դրա համար: Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների այս նոր շրջափուլը բացվեց նախորդ տարի Հայաստանի Հանրապետություն կատարած Ձեր պաշտոնական այցի արդյունքներով, որտեղ մենք մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք:

Այդ պայմանավորվածությունների մի մասն արդեն կատարվել է, մյուս մասը՝ կատարման ընթացքի մեջ է: Եվ սա, իսկապես, շատ գործնական և ռազմավարական գործընկերություն է: Համոզված եմ, որ այս այցի շրջանակներում մենք այդ ամենի հետագա զարգացումը կապահովենք: Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով Ղազախստանում լինելը և Ձեր կողմից հյուրընկալվելը: Ես նաև մեծ հաճույքով ուզում եմ ընդգծել, որ սա մեր երկրների, մեր կառավարությունների և մեր երկու երկրների առաջնորդների միջև փոխվստահության շատ կարևոր արտահայտություն է, ինչն ամենևին էլ երկրորդական դեր չունի մեր երկրների հարաբերությունների զարգացման և խորացման համար: Կրկին ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել այդ ամենի առիթով»։

 

Այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է առանցքային գործընկեր առևտրային և տնտեսական կապերի համար, ղազախ ժողովուրդը մեծապես հարգում է հայ ժողովրդին, հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և ավանդույթները։ Նրա խոսքով` այսօր Հայաստանը դարձել է ղազախ ժողովրդի համար շատ սիրելի զբոսաշրջային ուղղություն։ Ղազախստանի նախագահի խոսքով` երկու երկրների միջև բաց հարաբերություններ են՝ հիմնված փոխվստահության վրա, փոխադարձ համագործակցությունը սերտ է թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային հարթակներում: «Մեր համագործակցությունը թե՛ առևտրատնտեսական, թե՛ մշակութային, թե՛ կրթական ոլորտներում շարունակաբար զարգանում է: Ես ցանկանում եմ ընդգծել, որ մեր միջպետական հարաբերություններն առանձնահատուկ են, մենք ունենք մեծ հնարավորություններ բազմակողմանիորեն զարգացնել մեր համագործակցությունը: Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր, որպեսզի բարձրացնենք մեր հարաբերությունները երկու երկրների միջև և դարձնենք ռազմավարական հարաբերություններ»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այս այցի առանցքային արդյունքը երկկողմ հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերության մակարդակի: Վարչապետի խոսքով` այս հենքի վրա կողմերը նոր լիցք կհաղորդեն հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին բոլոր ուղղություններով՝ քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, տնտեսական համագործակցության խորացող մակարդակ և իհարկե, նաև հումանիտար ոլորտում գործակցությունը նոր դրսևորումներ է ստանում։ «Այսօր Աստանայում փողոցներից մեկն անվանակոչվեց հայոց գրերի հեղինակի՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունով: Սա նույնպես մենք ընկալում ենք որպես հարգանքի դրսևորում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար, բացվում են նոր տրանսպորտային հնարավորություններ, որոնք պետք է լրջորեն ուսումնասիրել: Երկրի ղեկավարը հավելել է, որ երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի անդամները ստանում են նոր օրակարգ , որի շուրջ աշխատանքն արդեն իսկ մեկնարկել է:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտի, գյուղատնտեսության, ավիահաղորդակցության, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, ինչը նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Այդ առումով, երկրների առաջնորդները կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևոր են համարել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի կյանքի կոչումը:

Ղազախստանի նախագահը միաժամանակ ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում` հավելելով, որ իր երկիրը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Երևան-Աստանա ուղիղ ավիաչվերթերի գործարկման, թվայնացման, ուսանողների փոխանակման ծրագրերի և այլ ուղղություններով փոխգործակցության հետագա զարգացման շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պետական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:



Տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=minlOkUZS4w
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: